Բավ է պառակտվել
14-10-2021 13:16

Հայաստանն անցել է դիվանագիտական հակահարձակման․ «Կոմերսանտ»

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի (նոյեմբերի 9-ը) տարելիցի մոտենալուն զուգընթաց Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմությունն ավարտված չէ: Գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Հանդիպումը [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի] հետ շատ արդյունավետ էր։ Քննարկել ենք ինչպես երկկողմ օրակարգն, այնպես իրավիճակը տարածաշրջանում։ Կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար»,- արդեն կեսգիշերից հետո գրել է Նիկոլ Փաշինյանն իր թվիթերում։

«Կոմերսանտ»-ի հայկական պետական կառույցների աղբյուրը մասնավորեցրել է, որ առաջնորդների զրույցը մոտ երեք ժամ է տևել, իսկ «օրակարգում ներառվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի եռակողմ (ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների) պայմանավորվածությունների շրջանակում:

Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Երևանում ակնկալում են դրական տեղաշարժեր Հայաստանին հուզող հարցերի շուրջ, հատկապես՝ երկրի պաշտպանունակության վերականգնման և անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Վերջերս կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունն սկսել են ակտիվ աշխատել: Նրանք ձգտում են ստանալ Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցերով, որն այլընտրանք է ադրբեջանական այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքին, որը կոչված է ցամաքային կապ հաստատելու Ադրբեջանի հարավային շրջանների և Նախիջևանի անկլավի միջև»,- պարզաբանել է պարբերականի աղբյուրը:

Պարբերականի աղբյուրը Բաքվում՝ քաղաքագետ Ֆարհադ Մամադովն այլ տեսակետ ունի Մոսկվայում բանակցությունների մասին։

«Կարծում եմ, որ Մոսկվայում փորձում են համոզել Փաշինյանին ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները, քանի որ որքան երկար է հայկական կողմը ձգձգում այս գործընթացը, այնքան ավելի շատ խաղացողներ են հայտնվում, ովքեր կարող են այն խափանել», - նշել է Մամեդովը:

Փաշինյանն այլևս իրավական գործընթացները դանդաղեցնելու պատճառներ չունի․ ետևում են թե՛ խորհրդարանական ընտրությունները, թե՛ կառավարության ձևավորումը: Իսկ Ռուսաստանին անհրաժեշտ են իրական արդյունքներ, քանի որ հակառակ դեպքում հարցականի տակ կհայտնվի նրա՝ որպես եզակի միջնորդի կարգավիճակը»:

Հայաստանի դիվանագիտական ակտիվությունը չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ֆոնին Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Թեև դա լայնորեն հայտնի չէ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա կապերը քիչ չեն: Օրինակ, բազմաթիվ հնդիկ ուսանողներ Երևան են գալիս մատչելի և որակյալ բարձրագույն կրթություն ստանալու համար: Բացի այդ, Ադրբեջան իր մտերիմ դաշնակիցներից է համարում Պակիստանը, որի հետ Հնդկաստանն ավելի քան կեսդարյա հակամարտության մեջ է Ջամմու և Քաշմիր նահանգի հարցի շուրջ: Արարատ Միրզոյանը նշել է, որ «հայկական կողմը բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից» (Բաքվում չեն կարծում, որ ներխուժել են հայկական տարածք): Բանակցությունների ընթացքում Ջայշանկարն, իր հերթին, հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հետաքրքրվածությանն իրանական Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում, որի նախագիծը զարգացնում է Հնդկաստանը:

Ուշադրության արժանի են նաև Իրանի հետ կապերը, որին այժմ Հայաստանում ընդունում են որպես դաշնակցի Ադրբեջանի դեմ դիմակայության գործում: Առավել ևս, որ Իրանի իշխանությունները Երևանի համար շատ շահավետ հայտարարություններ են անում։

«Իրանը հարևանների հետ հարաբերություններում ղեկավարվում է բարի դրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չի տա ահաբեկիչների և պատերազմ հրահրող ուժերի տեղակայումը երկրի սահմանների երկայնքով»,- ասել է չորեքշաբթի Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին, ով այցելել էր Երևան և հանդիպում ունեցել Մեսկվայից վերադարձած Փաշինյանի հետ։

Երևանի պետական համլսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է «Կոմերսանտ»-ի հետ զրույցում, որ Իրանը և Ռուսաստանը այն քիչ թվով երկրներից են, որոնք դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում խոսել են Ղարաբաղում ահաբեկիչների ներկայության մասին, որոնք մարտական գործողությունների էին մասնակցում Ադրբեջանի կողմից: Այս մասին հիշելն այս պահին Իրանի համար, ըստ մասնագետի, շահեկան է երկու պատճառով: «Առաջին հերթին դա լեգիտիմ առիթ է անդրսահմանային հակաահաբեկչական ռազմական գործողություններ իրականացնելու համար, ինչը գիտակցում են Ադրբեջանում, և դա նրանց անհանգստացնում է։ Երկրորդ, Իրանը հասկանում է, որ ահաբեկիչները տարածաշրջանում են հայտնվել Թուրքիայի նախաձեռնությամբ: Այդ իսկ պատճառով հայտարարություններն արվել են, որպեսզի ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և խափանելու համար այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման թուրք-ադրբեջանական գաղափարը»:

Այդուհանդերձ, չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամը շուտով կնվազի: Համենայն դեպս, երկրների ԱԳ նախարարները արդեն շփում են ունեցել՝ քննարկելու առկա խնդիրները:

Բացի այդ, շուտով Բայրամովը կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Ամեն դեպքում, այդպես է ասում հայ նախարարը` բացատրելով, որ համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Ըստ «Կոմերսանտի» տեղեկությունների, Միրզոյանն ու Բայրամովը կարող են հանդիպել արդեն հինգշաբթի Մինսկում, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Բացի այդ, Երևանը հույսեր է կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի հետ, որը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

Սակայն Մամադովը համոզված է, որ հայկական կողմին չի հաջողվի բարձրացնել հիմնական` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:

«Բաքվի տրամաբանությունն այն է, որ Ղարաբաղի հայերը գտնվում են Ադրբեջանի ենթակայության ներքո, և մենք նրանց չենք քննարկի Հայաստանի հետ: Վերջին փաստաթուղթը, որտեղ միասին հիշվել են «Ղարաբաղ» և «Հայաստան» բառերը, նոյեմբերի 9 -ի եռակողմ համաձայնագիրն է: Ադրբեջանի ներկայացուցիչներն այլևս չեն ստորագրի նման փաստաթուղթ», - վստահ է նա: