Բավ է պառակտվել
28-11-2019 16:49

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Փաշինյան

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

“Հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից”,- ասել է նա:

Ինչպես հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետն ընդգծել է Հայաստանի մտահոգությունը Սիրիայում տեղի ունեցած արյունալի իրադարձություններով։

“Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը։ Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից”,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև հայկական մարդասիրական առաքելությանը Սիրիայում։

“Մենք կշարունակենք Սիրիայի բարեկամ ժողովրդին ցուցաբերել ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր այդքան անհրաժեշտ է նրանց “,- նշել է նա։

Սիրիայում իրավիճակի մասին

Հոկտեմբեր 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում Քրդիսատնի աշխատավորական կուսակցության և “Իսլամական պետության” դեմ “Խաղաղության ակունք” անվանումով ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ Թուրքիան ռմբակոծել է Թել Աբյադ քաղաքը, ուր մշտապես բնակվևմ է 16 հայ ընտանիք։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Ղամիշլին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում։

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական ներխուժումը: Հայտարարության մեջ նշվել է, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, գաղթականների մեծ հոսքի և, ի վերջո՝ նոր հումանիտար ճգնաժամի:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Սիրիայի հյուսիս-արևելյան մասում հայերը հիմնականում ապրում են Ղամիշլի քաղաքում: Համաձայն վերջին տվյալների `քաղաքում կա 400-420 հայ ընտանիք կամ 3000 մարդ: 10-15 ընտանիք ապրում է նաև Թել Աբյադում, մի քանի ընտանիք՝ Ռաս ալ-Այնում: