Բավ է պառակտվել
14-03-2023 11:44

Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյանը 4 խնդիր է նշել

Հայաստանը մի քանի օր առաջ ստացել է խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներն։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման, հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել: Դա մեզ համար կարմիր գիծ է: այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում Հայաստանի ստորագրությամբ: Դա բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ որոշակի առաջընթաց կա, որին զուգահեռ կան հիմնարար խնդիրներ։

«Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Ինչ վերաբերում է ԼՂ ժողովրդին, մենք ասել և ասում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է: Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը, որի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների ու երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի:

«Հայաստանի անվտանգության խնդիրը չունի միաբաղադրիչ լուծում, այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են միջազգային, տարածաշրջանային, ռազմաքաղաքական և ներքաղաքական խորը վերլուծություններ և հետագա քայլեր։ Ստեղծված իրավիճակը երկրի համար լուրջ խնդիրներ և լուրջ հնարավորություններ է ստեղծում։ Մեր խնդիրն է վերահսկել ռիսկերը և օգտագործել հնարավորություններն»,- ասաց Փաշինյանը։