Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է ԵՄ-ից 33 մլն եվրո դրամաշնորհների ստացումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, դրամաշնորհային միջոցները հատկացվել են երկու ծրագրերի շրջանակներում.
Առաջին նախագծով 10 մլն եվրո կհատկացվի ՆԳՆ ձևավորման, պարեկային ծառայության և միգրացիոն քաղաքականության բարեփոխումների համար։ Ծրագրի շրջանակներում օգնություն կհատկացվի նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Երկրորդ համաձայնագիրը նախատեսում է 23 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ներառական և կայուն սոցիալ-տնտեսական վերականգնումն ու զարգացումն ապահովելու համար։ Մասնավորապես, ենթադրվում է, որ միջոցները կուղղվեն Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանն ու գործող բիզնեսների վերականգնմանը:
Գումար կհատկացվի նաև սոցիալական աջակցության միասնական կենտրոնների տեխնիկական հագեցվածության համար։ Նպատակային օգնություն կտրամադրվի Արցախից տեղահանված քաղաքացիների ինտեգրացիոն և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերին։