Բավ է պառակտվել
14-01-2021 19:21

ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրը. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Նախարարը հանձնաժողովականների հետ հանդիպեց մոսկովյան եռակողմ հանդիպումից օրեր անց։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է եռակողմ հայտարարություն: Հայտարարության կենտրոնական կետը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումն է: Ռուբինյանը նշեց նաև որ հանդիպման նպատակն է արտգործնախարարի հետ վերլուծել եռակողմ հանդիպման արդյունքները, ստորագրված հայտարարության և դրանից բխող հետագա հնարավորությունների քայլերը։

«Ռազմագերիների և այլ պահվող անձանց հարցով, ինչպես հայտնի է, դեռ էական առաջընթաց, այս պահի դրությամբ, չկա։ Հետևաբար արտգործնախարարի հետ պետք է քննարկել թե գործադիրի, օրենսդիր մակարդակով ռազմագերիների վերադարձի ուղղությամբ ինչ հնարավոր քայլեր կարող են իրականացնել»,–ասաց Ռուբինյանը։

ԱԳ նախարար Արա Այվազյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար:
«Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ:

«Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Ռուբինյան էլ նկատեց, որ պետք է միասին քննարկեն, թե խորհրդարանական դիվանագիտությունն ինչ կարող է անել այդ ուղղությամբ և առաջարկեց հանդիպումը անցկացնել փակ որպեսզի այս ուղղությամբ դետալային և անկաշկանդ քննարկում ունենան:

Արմինե Գևորգյան