Բավ է պառակտվել
25-03-2021 20:59

ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը

ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը (ապրիլ – օգոստոս 2021թ․), հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ այդ կապակցությամբ մարտի 23-ին կայացած ֆորումի նիստի ընթացքում ԵԱՀԿ ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախագահությանը գործադրված ջանքերի և համագործակցության համար:

Դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ ջանքեր, կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն՝ որպես ուղենիշ սահմանելով ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարումը:

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ դեսպան Արմեն Պապիկյանն առանձնացրել է սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը:

Այդ համատեքստում Պապիկյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը:

Դեսպանը շեշտել է, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում:

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) աշխարհի անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:

Կազմակերպութան գործունեությունն ուղղված է տարածաշրջանում բախումների առաջացման կանխարգելմանը, ճգնաժամային իրավիճակների լուծմանը և հակամարտությունների հետևանքների վերացմանը: