Բավ է պառակտվել
02-09-2022 18:31

Հայաստանը հանձառու է իրենց բնօրրանում արցախցիների անվտանգ ապրելու համար․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում, որը նշվում է սեպտեմբերի 2-ին։

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում, 1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։

Նշվում է, որ հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։

«Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։