Բավ է պառակտվել
11-11-2017 12:30

Հայաստանն ակնկալում է, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Նալբանդյան

Հայաստանն ակնկալում է, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
« Այս հարցը եղել և մնում է մեր երկխոսության օրակարգում: Մեր երկու ժողովուրդներն էլ վերապրել են ցեղասպանության սարսափը: Բազմաթիվ գիտնականների, քաղաքական գործիչների կարծիքով ժամանակին Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտման պարագայում գուցե հնարավոր լիներ կանխել Շոան և այլ ցեղասպանությունները: Ահա թե ինչու ենք ակնկալում, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- Իսրայելի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Նալբանդյանը:
Նախարարի խոսքերով, Իսրայելում գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցեղասպանության ճանաչմանը կողմ հանդես գալիս, այդ թվում նաև խորհրդարանում:
«Նախօրեին ես հանդիպեցի Կնեսետի նախագահի հետ, ով նույնպես բավականին հստակ դիրքորոշում արտահայտեց Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության վերաբերյալ»,- ասել է Նալբանդյանը:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: