Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցւոմ Հունանյանն ընդգծել է, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
Ըստ մամլո քարտուղարի, Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ «Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի», պարզաբանել է Հունանյանը։
Նա հիշեցրել է նաև, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի:
«Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրում»,- արձանագրել է Հունանյանը, նշելով, որ միջազգային գործընկերների հետ շփումներում հայկական կողմը պարբերաբար ընդգծել է «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը:
«Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումն»,- ասել է նա։։
Անդրադառնալով հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպմանը, Հունանյանը հայտնել է, որ այն կկրի ճանաչողական բնույթ։ «Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»,- կարծիք է հայտնել ԱԳՆ մամլո խոսնակը։
Հայ-թուրքական երկխոսության մասին
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։
Թուրքական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։մասին։ Հայաստանի բանագնաց է նշանակվել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը (Փաշինյանի մերձավորը)։ Օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատոիկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայում։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին
1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:
1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:
Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։