Հայաստանի համար Իրանը մինչ օրս եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, ով իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Այս մասին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։
«Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմոլորտ օրակարգ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ընդլայնել միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության ամրապնդման»,- ասել է Հայաստանի փոխվարչապետը՝ շնորհավորելով Իրանի ժողովրդին ազգային տոնի առթիվ։