Բավ է պառակտվել
03-04-2023 15:18

Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը գնահատում է որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման արժեքավոր գործիք. Միրզոյան

Հայաստանն Ադրբեջանի հետ միջազգային սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը գնահատում է որպես տեղում անվտանգության ամրացման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանման արժեքավոր գործիք, ասել է Բուխարեստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«2022թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ասել է Միրզոյանը ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է «Արմենպրես»-ը։

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ ռումինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է 2023-2024 թվականների համատեղ գործողությունների պլանը։

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել է ամրապնդել երկկողմ օրակարգը, ինչին կծառայեն իրավապայմանագրային բազայի հետագա ընդլայնումը, հաճախակի քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև մշակութային և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացումը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի ներուժն իրացնելու ուղղությամբ։

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացմանը և քաղաքական և անվտանգության հարցերի շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսությանն առնչվող հարցեր:

Նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում երկու երկրների փոխգործակցության շուրջ։