Ադրբեջանը, չնայած Միջազգային քրեական դատարանի որոշմանը, շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դատարանի որոշումը չկատարելու դեպքում կան կանխորոշված միջազգային մեխանիզմներ, և մեր ջանքերը պետք է կենտրոնացվեն այդ մեխանիզմների ակտիվացման վրա»,- հինգշաբթի ասաց նա։
2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի հայցը և Ադրբեջանին պարտավորեցրել չխոչընդոտել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Սակայն Արցախը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում է ավելի քան 4 ամիս։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։