Հայկական կողմն աշխատանքներ է տանում Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի սահմանային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ երկխոսության հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Այդ աշխատանքներն առաջիկայում կավարտվեն, և Հայաստանը հույս ունի, որ թուրքական կողմը նույնպես կպահպանի պայմանավորվածությունները»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուբինյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, բանակցային գործընթացը շարունակվում է, ուղիղ երկխոսություն է ընթանում Ռուբինյանի թուրք գործընկերոջ՝ դեսպան Սերդար Քիլիչի հետ։
«Այս պահին նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն չկա։ Եթե լինի, համապատասխան կարգով կտեղեկացնեն հանրությանը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի կառավարությունը 28,3 մլն դրամ (մոտ 73 հազար դոլար) է հատկացրել հայ-թուրքական սահմանին «Մարգարա» անցակետի նախագծման և շինարարական և վերանորոգման աշխատանքների համար։ Երևանը կարծում է, որ անցակետը հնարավոր կլինի գործարկել այս տարվա ամռանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու մեծ հավանականության մասին։ Նա հույս ունի, որ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը կբացվի, ինչը հիմքեր կստեղծի նորմալ բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար։