Բավ է պառակտվել
15-11-2021 19:29

«Հայաստանը կանգնած է լրջագույն ռազմավարական մարտահրավերների առջև»․ Փաշինյանը ՊՆ աշխատակազմին ներկայացրել է պաշտպանության նոր նախարարին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին։

Վարչապետի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը:

«Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկ»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ երկիրը կանգնած է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առջև, և «մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան»:

Նրա խոսքով, կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը վարչապետի առաջարկով հրամանագիր է ստորագրել Արշակ Կարապետյանին հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Կառավարության ղեկավարի առաջարկով ստորագրված մեկ այլ հրամանագրով նախագահը պաշտպանության նախարար է նշանակել Սուրեն Պապիկյանին, ով նույն օրն ավելի վաղ ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից։