29-12-2018 21:59

Հայաստանը ներկայացուցչական կազմով կմասնակցի է Դավոսի ֆորումին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։

Ինչպես տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը, ընդունելությանը ներկա են եղել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը։

Շնորհավորելով ներկաներին, նախագահը նշել է, որ 2018 թվականն առանձնահատուկ է եղել երկրի և ժողովրդի համար։

“Այն պատմական տարի է տաբեր իմաստներով։ Եթե մտածենք, ինչպես են բնութագրում հային երկրում և արտասահմանում՝ կհասկանանք, որ հիշում են աշխատանքը, ազնիվ մարդու կերպարը։ Ազգ, որն առաջին քրիստոնյան է եղել, որը 20-րդ դարի առաջին մեծ ողբերգությունն է կրել՝ Մեծ Եղեռնը: Սակայն կհիշենք նաև, որ 2018 թվականին մեր ժողովուրդը հսկայական փոփոխություններ արեց, որոնք կարելի է գնահատել և՛ որպես “թավշյա հեղափոխություն”, և՛ որպես “հեղափոխություն հայկական ձևով”, - ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ արտասահմանում հանդիպել է մարդկանց, ովքեր կատարվածն անվանել են “հայկական հրաշք”, քանի որ 21-րդ դարի այս ժամանակաընթացքում նմանատիպ կերպով այսպիսի փոփոխություններ անելն իրականում հրաշքի նման է։

“Հայկական փոքր հրաշքն” իր տեղն է ունենալու մեր ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես”,–ընդգծել է նա։

Նախագահը նշել է, որ աշխարհը հայկական պետությունից և ժողովրդից ավելին է ակնկալում։ “Մեզնից սպասելու են նոր հեղափոխություններ․տնտեսական, մշակութային, միգուցե՝ նոր փոքր հրաշքներ։ Իհարկե, այդ հրաշքներին է սպասելու և ամբողջ ժողովուրդը”,- ասել է նա։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին հայրենիքին, պետությանը և ազգային շահերին ազնիվ, հայրենասեր, պրոֆեսիոնալ ծառայելու համար։

“Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռացող Ազգային ժողովին, պարոն Բաբլոյան, Ձեզ առանձնապես, կառավարության բոլոր անդամներին: Եվ, իհարկե, ուզում եմ շնորհավորել պարոն վարչապետ, Ձեզ և Ձեր գործընկերներին՝ խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ տանելու առթիվ: Ուզում եմ շնորհավորել պարոն Ծառուկյանին և պարոն Մարուքյանին (Գագիկ Ծառուկյան՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ, Էդմոն Մարուքյան՝ “Լուսավոր Հայաստան” կուսակցության ղեկավար, ովքեր ընտրությունների արդյունքում անցել են խորհրդարան՝ խմբ.) և նրանց գործընկերներին՝ Ազգային ժողովում իրենց ներկայությունն ապահովելու համար”,- նշել է նա

Նախագահը վստահություն է հայտնել, որ 2019 թվականը կսկսվի ոչ միայն նոր խորհրդարանով, նոր կառավարությունով, այլև՝ նոր մոտեցումներով։

“Եվ առաջիններից (մոտեցումներից՝ խմբ.) մեկն այն է, որ Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ երկար տարիներից հետո ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Սա կարևորում եմ, որովհետև հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը”, - նշել է նա:

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հենց առաջին օրերից և՛ Ազգային ժողովի բոլոր անդամները, և՛ կառավարությունը մի րոպե իսկ ազատ ժամանակ չեն ունենա:

“Այդ առիթով բոլորին ուզում եմ նորից շնորհավորել, քանի որ այդ մեկ րոպե անգամ ազատ ժամանակ չունենալը նշանակում է 24 ժամ ծառայել ժողովրդին ու պետությանը”, - ասել է նա։

Սարգսյանը բոլորին մաղթել է, որ 2019 թվականը և՛ Հայաստանի, և՛ աշխարհի համար կրկին լինի հայկական տարի։