Բավ է պառակտվել
03-11-2021 17:42

Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից․ ԱԳՆ ղեկավար

Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաղի լիարժեք վերսկսման դիրքերից, ասել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում։

«Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից», - նախարարի խոսքերն է մեջբերում ԱԳՆ մամլո ծառայությունը։

Այս առումով Միրզոյանը կարևորել է Նյու-Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծում փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը:

«Այս առաջնային հումանիտար խնդիրների լուծումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծմանն ուղղված սուբստանտիվ քննարկումներ սկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների ու տարրերի, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»։

ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը գնահատում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերն ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը։
«Կարևորում եմ բարձրագույն մակարդակով համանախագահ երկրների հետագա միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն կարգավորմանն»,- ընդգծել է Միրզոյանը:

Այս տարվա սեպտեմբերի վերջին՝ Արցախյան պատերազմից մեկ տարի անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Կայացան նաև միջնորդների առանձին հանդիպումները Միրզոյանի և Բայրամովի հետ։