Բավ է պառակտվել
04-12-2020 18:18

«Հայաստանը բոլոր իմաստներով՝ մազից կախված վիճակում է՝ Վազգեն Մանուկյանն իր վրա մեծ բեռ է վերցրել». Քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնում ներկայացնելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, ընդդիմությունը քաղաքագիտական իմաստով ցույց տվեց դասական օրինակ։

Հետևաբար, իշխանությունը սկսեց սարսափել դրանից, այդ պատճառով էլ արշավներ սկսեց, քննադատեց, իշխանական ֆեյքերով տարբեր բաներ է անում՝ ուղղված Վազգեն Մանուկյանի դեմ։

«Իշխանությունը հասարակությունից վախենալու բան ունի, շատ լավ հասկանում է, որ պատերազմի արդյունքում ինքը կորցրել է լեգիտիմությունը, և այսօր դրված է իր հեռացման հարցը և նոր ու օրինական իշխանություն ձևավորելու հարցը։ Հասկանալի է, որ նոր ու օրինական իշխանության ձևավորման համար պետք է անցումային, ժամանակավոր կառավարություն, որը պետք է կարողանա կազմակերպի նոր ընտրությունները։ Այս պարագայում ընդդիմությունը գնացել է հենց այդ ճանապարհով՝ ընտրվելով Վազգեն Մանուկյանին, պայմանով, որ նա մեկ տարի անց չի մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ քաղաքագիտական իմաստով ընդդիմությունը ներկայացրել է դասական օրինակ, թե ինչպես պետք է գնալ իշխանափոխության և բավարարել հանրության պահանջը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի դեմ կազմակերպված հարձակումներն այլևս չեն աշխատի, քանի որ օբյեկտիվորեն հանրային պահանջը կենսական է՝ ի վերջո, Հայաստանի հանդեպ սպառնալիքները բավականին շատ են, և հայ ժողովուրդն արդեն հասկացել է, որ, եթե ներկայիս իշխանությունը չկարողացավ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ապա վաղը, եթե նման սպառնալիք լինի նաև Հայաստանի համար, նույնպես չի կարողանալու անվտանգությունն ապահովել։

«Այս իշխանության թե՛ մենեջերական հատկությունները, թե՛ վստահության ցուցանիշը հանգեցրել է նրան, որ պետք է հեռանան՝ հանուն հայ ժողովրդի անվտանգության։ Վազգեն Մանուկյանն իր վրա բավականին ծանր բեռ է վերցրել, նախ, նա չի մասնակցելու գալիք ընտրություններին, այսինքն՝ փաստացի ցույց է տալիս, որ իր համար ոչ թե պոպուլիստական խնդիրներն են կարևորվելու, այլ երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Նա իր վրա է վերցրել ժամանակավոր Կառավարության ողջ բեռը, հասկանալի է, եթե բեռը որևէ մեկը չվերցնի, ապա ստեղծված իրավիճակից Հայաստանն ինչպես է դուրս գալու։ Կարծում եմ՝ հասարակությունը, ժողովուրդն ամբողջովին չի պատկերացնում, թե այսօր Հայաստանն ինչ վիճակում է՝ Հայաստանը բոլոր իմաստներով մազից կախված վիճակում է»,- հավելեց նա։

Նա ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի բոլորը լրջանան, գավառային, ֆեյսբուքյան սերիալային վիճակից դուրս գան և գիտակցեն, որ սպառնալիք է ոչ միայն ՀՀ ներկայիս իշխանությունը, այլև՝ հասարակության այն տգետ զանգվածը, որ միայն սերիալներ է նայում և դուրս չի գալիս «տիկ-տոկից» ու Ֆեյսբուքից։

Անդրադառնալով դեկտեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքին, Երվանդ Բոզոյանն ասաց, որ այդ հանրահավաքով սկսվելու է մի գործընթաց, որը հնարավորություն է տալու իշխանությանն անցնցում հեռանալու։

«Այդ անցնցում հեռանալը շատ կարևոր է երկրի համար, նաև իրենց համար։ Իրենք պետք է ունենան երաշխիք, որպեսզի քաղաքականապես չհետապնդվեն այն ամենի համար, ինչը կատարվել է վերջին 2,5 տարվա ընթացքում, որովհետև այն, ինչը նրանք արեցին նախորդ իշխանությունների հանդեպ, բումերանգով կարող է շրջվել իրենց դեմ։ Բայց եթե այդպես լինի, ապա Հայաստանը երբեք ստեղծված իրավիճակից դուրս չի գա»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 17 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։