Բավ է պառակտվել
16-05-2019 15:16

Հայաստանը համաշխարհային ազգի տունն է․նախագահ (Տեսանյութ)

Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգի տունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի Նուռ-Սուլթանում ընթացող տնտեսական 12-րդ տնտեսական համաժողովի բացման ժամանակ:

“Ես նայում եմ իմ պետության ու ժողովրդի ապագային դրական զգացումներով ու տեսլականով: Մեր փոքր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային ազգի տունն է։ Մեր երկրում բնակվում է նույնքան հայ, որքան Ռուսաստանում, հայաբնակ ամենամեծ քաղաքը Երևանից հետո Լոս Անջելեսն է, միլիոնավոր հայեր են բնակվում Ֆրանսիայում, նրանք տարածված են Սինգապուրից մինչև Արգենտինա: Ուստի ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք”,- մեջբերել է Սարգսյանի խոսքը նախագահի մամլո ծառայությունը:

Նրա խոսքով, հայերը 21-րդ դարի մաս են՝ համաշխարհայնորեն ինտեգրացված:

“Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնը՝ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկուն՝ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից”,-ասել է Սարգսյանը:

Այս տարի տնտեսական ֆորումն անցկացվում է “Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ” խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ և տնտեսագետներ։ Նրանք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:

Բացի Սարգսյանից, ֆորումի բացման պլենար նիստի հիմնական բանախոսներ են եղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը, ՉՇՀ Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Խան Չժենը և այլոք։