Բավ է պառակտվել
28-02-2020 21:34

Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի

 

ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասում է, որ «Բանակն իր էությամբ կարող է ունենալ մեկ թշնամի՝ արտաքին: Բանակը երբեք ներքին խնդիրների մեջ չպետք է խառնվի: Բանակը պետք է իր ամբողջական էլիտար բնույթը վերականգնի»։

Նա շեշտեց, որ պետք չէ փնտրել էլիտար զորամասեր, քանի որ բանակը պետք է էլիտար լինի սպայակազմի, զինվորների հարաբերություններով, սպառազինությամբ ու ինտելեկտուալ կառավարման հնարավորություններով: 

Անդրանիկ   Քոչարյանը ասում է,որ  բանակում  ինքնասպանության  դեպքերը   բացառելու համար պետք է   լուրջ աշխատանքներ տարվեն։ Բացթողումները, ըստ նրա, առնչվում են իրավական, հոգեբանական խնդիրների հետ: Պատգամավորը  այս   պահին   ակտիվորեն շփվում է հոգեբանների  հետ, ավելին` խնդրել են ներկայացնել 18  տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ նրանք անցնում են ծառայության։

«Փետրվարը բանակի համար շատ ծանր ամիս էր: Ես անվանեցի, գուցե ոչ այնքան հաջող՝ սև փետրվար: Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են»:

 Անդրադառնալով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նոր հրամանատար նշանակմանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանի նշանակումը հրաշալի է համարում։

«Նշանակվել է մի մարդ, որն ունի բավականին խարիզմատիկ կերպար։ Այդպիսի խարիզմատիկ հրամանատարները շատ անհրաժեշտ են մեր բանակի համար, հիշեք՝ 90-ականներին մենք ունեցել ենք հենց այդպիսի խարիզմատիկ զինվորականներ, օրինակ՝ Մոնթե Մելքոնյանը, գեներալ Իվանյանը, բոլորն էլ լեգենդերար էին։ Այն ժամանակվա համար բոլոր հերոսները իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

«Ջալալ Հարությունյանը փոխարինեց Կարեն Աբրահամյանին, իսկ նա իր ինտելեկտուալ պոտենցիալով բավականին մեծ անելիքներ դեռ պետք է ունենա մեր ԶՈՒ-ի համար։ Իր կառավարման ժամանակ պարզապես նման դեպքեր եղան։ Ջալալը արժանի փոխարինող կլինի այս տրամաբանության՝ ԶՈՒ-ի ուժեղացման, փոփոխությունների, որն անհրաժեշտ է մեր երկրին՝ որպես ընդհանուր անվտանգային համակարգ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար։

Քոչարյանը խոսեց նաև բանակ զորակոչվող երիտասարդների մասին՝ հայտարարելով, թե պետք է հասնել նրան, որ եթե զորակոչվել է սահմանափակ առողջական խնդիրներ ունեցող երեխա (օրենքի սահմաններում), նա պետք է զորացրվի ավել առողջ, քան՝ զորակոչվել է. «Զորակոչվելուց հետո պետք է հոգատարությամբ առողջացնել զինվորին: Բանակից զորացրվողը պետք է լինի մեկ մակարդակ ավելի բարձր: Նախկինում ասում էին, որ բանակից տղամարդ են վերադառանում: Հիմա նաև որպես հպարտ քաղաքացի պետք է վերադառնալ»:

 

 

Արմինե Գևորգյան