Բավ է պառակտվել
17-12-2021 15:18

Հայ-թուրքական երկխոսություն անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ո՛չ բովանդակային, ո՛չ ընտրված ժամանակի տեսանկյունից․ Վանեցյան

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում, բնականաբար, անհրաժեշտ է, բայց արդյունավետ չէ ո՛չ բովանդակային, ո՛չ ընտրված ժամանակի տեսանկյունից։ Նման կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13–ին հայտարարեց, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն` երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Ինչպես նաև մտադրություն կա գործարկել չարտերային չվերթեր դեպի Երևան։ Երկու օր անց` դեկտեմբերի 15–ին, Չավուշօղլուն տեղեկացրեց, որ Անկարայից հատուկ ներկայացուցիչ է նշանակվելու ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարեց, որ Երևանը դրական է գնահատում Չավուշօղլուի հայտարարությունն ու կնշանակի իր հատուկ ներկայացուցչին երկխոսություն սկսելու համար։

«Եթե հարցը հնչում է տեսական՝ պե՞տք է արդյոք կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, բնականաբար, այո՛, քանի որ երկու ժողովուրդները շարունակելու են ապրել կողք-կողքի, և, հետևաբար, պետք է գտնել այդ հարաբերությունները բնականոն հուն բերելու բանալին։ Սակայն սա՝ ընդհանրապես», – ասել է Վանեցյանը։

Պրոյեկտելով այս հարցը այս պահին առկա իրավիճակի վրա` նա նշել է, որ այսօր առաջին խնդիրը Թուրքիայի օժանդակությունն է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայում:

«Այդ օժանդակությունը եղել է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի եղանակով՝ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչի մասին շատ լավ տեղյակ էին մեր գործընկերները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Սրա համար Թուրքիայի առջև պե՞տք է դրվի պատասխանատվության խնդիր, պետք է այդ խնդիրը դրվի ընդհանրապե՞ս, թե՞, ավելին՝ հնարավորինս արագ, քանի դեռ այդ ամենը թարմ է և նույն միջազգային հանրության աչքերում ընկալելի կարող է լինել, հատկապես որ նրանք տիրապետում են փաստերի։ Որևէ կերպ արդարացվա՞ծ է այս խնդիրը չբարձրաձայնելը: Չբարձրաձայնելն ի՞նչ քաղաքական դիվիդենտներ է բերում, եթե անգամ այս իշխանությունը, ելնելով իր ձեռագրից, քաղաքական առևտրի մեջ է», – նշել է պատգամավորը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան փոխե՞լ է իր քաղաքականությունը՝ այլևս նախապայմաններ չի՞ թելադրելու` Վանեցյանը նշել է, որ ունի հստակ տպավորություն, որ Թուրքիան ոչ միայն չի հանել, այլև նախապայմանների, հարկադրանքի քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում: Դրա վառ օրինակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Թուրքիայի պահվածքն է:

Նա նաև հարցադրում է արել, թե հայկական կողմը կկարողանա՞ հավասարը հավասարի հետ երկխոսության հույս ունենալ, թե՞ փորձելու է «երկխոսել» «պարտվածը՝ հաղթողների տանդեմի և հաղթողներից յուրաքանչյուրի հետ» կարգավիճակով, կատարելով վերջիններիս պահանջները։

«Ես կարծում եմ՝ այս ամենն այնքան տեսանելի է, որ անգամ զարմանք է առաջացնում, երբ դառնում է դիսկուրսի առարկա և լուրջ հարցադրումներ է իր հետ բերում», – նշել է Վանեցյանը։

Խոսելով վերջին զարգացումների մասին` պատգամավորը ևս հարցադրում է արել, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց որևէ միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կամ միջնորդներ:

«Ռուսական միջնորդությունն ուժի մե՞ջ է, կապ ունի՞ ընթացիկ գործընթացի հետ, եթե այո, փորձեք վերականգնել հնարավոր օրակարգը, եթե ոչ՝ սա ի՞նչ է նշանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այսօր չկան, կա միայն հայտարարություն ներկայացուցիչների նշանակման մասին»,– հայտարարել է նա։

Միաժամանակ Վանեցյանը կարծում է, որ հայ–թուրքական երկխոսությունը, միանշանակ, անհրաժեշտ է։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս համատեքստում, արդյունավե՞տ է: Միանշանակ՝ ոչ: Արդյունավետ չէ ո՛չ բովանդակային տեսանկյունից, ո՛չ ընտրված ժամանակի: Եվ, իհարկե, այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն նման գործընթացի», – եզրափակել է նա։