Բավ է պառակտվել
13-01-2020 13:14

Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի ուղերձ է հղել Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
“Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի հիշատակը: Երեսուն տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության զանգվածային ջարդերը”,- ասվել է վարչապետի ուղերձում:
Նա նշել է, որ սումգայիթյան ջարդերից հետո թափ հավաքող բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում Բաքվում բնակվող 250 հազար հայից 1990թ մնաց ընդամենը 35-40 հազար, հիմնականում՝ տարեցներ և անօգնական մարդիկ։

“Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը”,- հայտարարել է նա:

Փաշինյանը նշել է, որ Բաքվի հայերը որևէ սպառնալիք չէին ներկայացնում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց և իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ադրբեջանի կողմից նրանք ընկալվում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ հայերն ապրել են Բաքվում դարեր շարունակ և հաղորդել այդ քաղաքին իսկապես բազմամշակութային դիմագիծ։ 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման և զարգացման գործում: Անգնահատելի է հայության դերը քաղաքի զարգացման գործում նաև խորհրդային տարիներին:

“Այդ իրադարձություններից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ անձինք, ովքեր քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան: Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար պայքարի փառապանծ էջ”,- հայտարարել է նա:
Փաշինյանը ցավով արձանագրել է, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան:
“Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման (ադրբեջանցի սպան Ռամիլ Սաֆարովը ցմահ բանտարկության էր դատապարտվել Հունգարիոայում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար և ավելի ուշ ներում ստացել հայրենիքում՝ խմբ.), 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը”,- ընդգծել է նա:
Միաժամանակ, վարչապետը երախտագիտություն է հայտնել բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել այս իրադարձություններին և փաստագրել դրանք՝ դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով։
“Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում”,- եզրափակել է Փաշինյանը:
1990թ հունվարի 13-ից 19-ը ադրբեջանական իշխանությունները կազմակեպեցին և իրագործեցին Բաքվի հայ բնակրության զանգվածային ջարդեր։ Տեղի շուրջ քառորդ միլիոն հայ բնակչությունը ենթարկվեցին բռնությունների և տեղահանման միայն իրենց ազգային պատկանելիության պատճառով, ինչի արդյունքում Բաքվում չմնաց հայ ազգաբնակչություն։

Բաքվի հազարավոր հայերի անշարժ և շարժական գույքը կողոպտվեց և խլվեց։ Բռնությունների զոհ դարձավ ավելի քան 400 հայ, ինչի մասին վկայել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։