Բավ է պառակտվել
06-10-2015 16:52

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ադրբեջանի «պորտը տեղն է դրել»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները արդյունավետ են գնահատում իրենց աշխատանքն այս կառույցում: Ավելին, ինչպես բնութագրեց պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի հետ կապված «Ադրբեջանի պորտը տեղն է դրել», ուստի աշնանային նստաշրջանը բավական թեժ է ընթացել: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հերմինե Նաղդալյանն առանձնացրեց ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովի զեկույցը Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ և նշեց, որ ԵԽԽՎ-ն պոզիտիվ տրամադրություն ունի այս գործընթացի հանդեպ: «ԵԽԽՎ-ն տվեց ամփոփիչ գնահատական այն պոզիտիվ դինամիկայի մասին, որ ունենք, դրական ընթացքի մասին, որը կապված է Սահմանադրական բարեփոխումների հետ: ԵԽԽՎ-ն կարևորել է, որ Սահմանադրությունը մեր երկրի սահմանադրությունն է ու հանրաքվեն ժողովրդի գնահատականն է լինելու, կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին իրենցից կախվածն անելու նրա համար, որ հանրաքվեն անցնի միջազգային բարձր ստանդարտներն համապատասխան»,- շեշտեց Նաղդալյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նույն զեկույցում կան նաև մտահոգություններ օրինակ՝ քաղաքական բևեռացվածության մասին, հայկական պատվիրակության ղեկավարն ասաց, թե «պերիոդիկ զեկույցներն ունեն երեք բլոկ», որոնցից մեկը պետության նկատմամբ ԵԽԽՎ ակնկալիքների մասին է: «Մի բլոկն այն հարցերն են, որտեղ կա բացահայտ առաջադիմություն, մյուս բլոկը՝ մտահոգություններն են, երրորդը՝ պոչերը, ցանկությունները, որոնք կապված են այս կամ այն երկրի հետ: Չենք կարող ակնկալել, որ Հայաստանի մասին լինի զեկույց առանց մտահոգության կետի: Քաղաքական համակարգի բևեռացվածությունը մտահոգություն է, որը մենք էլ ենք բարձրաձայնում»,- նշեց նա՝ ասելով, որ քաղաքական բևեռների առկայությունը վկայում է ժողովրդավարության առկայության մասին: