Բավ է պառակտվել
22-04-2022 19:20

Հայկական ընդդիմությունը սկսում է փողոցային պայքար Փաշինյանի դեմ (տեսանհութ)

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ փողոցային պայքար սկսելու մասին։
«Դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի»,- ասել է Սաղաթելյանը տեսաուղերձում։
Նա հայտարարել է, որ սա մեկ կուսակցության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։
«Սա հայոց պետականության պահպանման և զարգացման համար պայքար է, և բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, մենք իրենց հետ ենք, իրենք մեզ հետ են։ Իրենք մեր զինակիցներն են, իրենք մեր պայքարի ընկերներն են և այս դիմադրության շարժման առաջամարտիկն»,- ընդգծել է նա։
Վերջին օրերին Երեւանում ակտիվացել են ընդդիմության գործողությունները իշխանությունների դեմ։ Ապրիլի 17-ից Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի Ազատության հրապարակում անժամկետ ակցիա է սկսել՝ ընդդեմ Հայաստանում և Արցախում անվտանգության հարցերում իշխանությունների գործողությունների։
Ընդդիմությունը որոշել է ցանցային, ապակենտրոն պայքար իրականացնել։ Վանեցյանի խոսքով, առկա գործողությունների ծրագրի համաձայն՝ ամեն օր կանցկացվեն բողոքի տարբեր ակցիաներ։

Մի քանի օր անց նրանց միացավ «5165» ընդդիմադիր շարժումը, որը հայտարարեց, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու շարջմանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։