Բավ է պառակտվել
24-05-2022 10:51

Հայաստանի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի երկրորդ քառօրյան՝ բողոքի ցույցերի ֆոնին

Երեքշաբթի մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի երկրորդ քառօրյան, որին չեն մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Ընդդիմադիր պատգամավորականների բոյկոտը պայմանավորված է նրանց մասնակցությամբ Անհնազանդության շարժմանը, որի հիմնական նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Երևանում արդեն մի քանի շաբաթ անընդմեջ շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներն, այդ թվում՝ երթեր և ավտոերթեր։

Երեքշաբթի առավոտյան ցուցարարները, երթ սկսելով Ֆրանսիայի հրապարակից, շրջափակեցին կառավարական թիվ 3 մասնաշենքը, որտեղ տեղակայված են արտգործնախարարությունը և մի շարք այլ նախարարություններ։

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ շենքը շրջափակվում է, քանի որ ԱԳՆ-ն այլևս չի սպասարկում Հայաստանի շահերը։

Անդրադառնալով Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս Բրյուսելում կայացած հանդիպմանը՝ ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ նրանց միջև որևէ պայմանավորվածություն իրավական ուժ չունի։

Սաղաթելյանն անհնար անվանեց այն պլանի իրականացումը, ըստ որի Արցախը և Արցախի ժողովուրդը որևէ կարգավիճակով կգտնվեն Ադրբեջանի կազմում՝ անվտանգության երաշխիքներով։ Սա, նրա խոսքով, կհանգեցնի արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից և դրա վերջնական կորստին։