Բավ է պառակտվել
22-02-2022 13:05

Հայկական կողմը չի քվեարկել «Եվրանեսթ» ԽՎ-ի, ենթադրաբար՝ հակառուսական բովանդակության բանաձևին

Հայկական կողմը՝ ի դեմս «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի, «Եվրանեսթ»-ի բյուրոյի նիստում կողմ չի քվեարկել բանաձևին, որի բովանդակությունը հրաժարվեց հրապարակել։

«Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ես կողմ չեմ քվեարկել։ Այսօր բանձևի բովանդակությունը խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից և կհրապարակվի»,- ասել է Կարապետյանը ի պատասխան հարցին, արդյո՞ք քննարկած բանաձևը հակառուսական բովանդակության է եղել։

«Հուսով եմ, որ խաղաղությունը կպահպանվի։ Մենք, լինելով երկիր, որն 2020թ–ի աշնանը անցել է պատերազմի արհավիրքի միջով, այլ ակնկալիք կամ այլ հույս չենք կարող ունենալ։ Առաջարկում եմ սպասել, կհրապարակվի Բյուրոյի կողմից ընդունված բանաձևը։ Քանի որ ես այդ ուղերձին կողմ չեմ քվեարկել, նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել դա»,– ասել է նա։

Երեքշաբթի օրը Երևանում մեկնարկել է «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը, որի քննարկման կետերից մեկը կոչվում է «Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացում»։ Հանդիպման ընթացքում ելույթ ունեցած պատվիրակությունների բոլոր անդամները միանշանակ դատապարտել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը, խոսել տարածաշրջանի և աշխարհի անվտանգության սպառնալիքների և պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին:

Հաղորդվել է, որ Եվրանեսթ ԽՎ-ն փաստաթուղթ է պատրաստել՝ տեղի ունեցողի վերաբերյալ գնահատական ​​պարունակող հայտարարությունով։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման մասին։ Նրանց ղեկավարների՝ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։ Այս քայլը, մասնավորապես, դատապարտել են ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք երկրներ, Թուրքիան, Վրաստանը։ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը ողջունել են Արցախում և Սիրիայում: