Բավ է պառակտվել
30-05-2015 12:19

Փաշինյանն ազդարարեց ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու գործընթացի մեկնարկը

«Այսօր Հայաստանում ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի կուսակցություն, որը մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում, այլ հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով՝ ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարի սկզբում ունենալով ելույթ՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, նախաձեռնող խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ երկու տարվա քննարկումների արդյունքում են որոշում կայացրել ստեղծել կուսակցություն: «Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ տվել կամ կտան հարց, թե ի՞նչ իմաստ ունի ստեղծել հերթական կուսակցությունը: Մենք էլ ենք մեզ այս հարցը տվել ու ամբողջական պատասխան ունենալու արդյունքում որոշում կայացրեցինք հրավիրել այսօրվա համագումարը»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով, առաջին անգամ չէ խոսվում իշխանափոխության մասին, սակայն իրենք չեն պատրաստվում ժողովրդին տանել դեպի պարտություն. «Արել ենք դառը, չափազանց կարևոր մի եզրակացություն՝ անկախ խոստումների քանակից և հաճախականությունից, Հայաստանում իշխանափոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Այսօրվա համաժողովն այդպիսի գործընթացի մեկնարկն է ազդարարում»: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա ասաց, որ նախ ստեղծելու են կուսակցության տարածքային ու սկզբնական կենտրոններ, բոլոր ընտրատեղամասերում ունենալու են վստահված անձանց թիմ, ունենալու են համայնքի ղեկավարների ու ավագանու անդամների թեկնածուներ: «Պետք է մեր հասարակությանը պարզ լեզվով հասկացնենք, թե ինչ և ինչպես է փոխվելու իրենց կյանքը «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալու դեպքում»,- ասաց Ն. Փաշինյանը: