Բավ է պառակտվել
03-05-2021 17:34

Հայաստանի խորհրդարանը չի ընտրել վարչապետ

Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի արտահերթ նիստին չի ընտրել վարչապետ։ Վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ։ Քվեարկության ընթացքում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը «դեմ» քվեարկել է 2 պատգամավոր, 78-ը՝ ձեռնպահ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվերակությանը։

Ինչպես նշել է քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցությունը ձեռնպահ կմնա, որպեսզի հնարավոր լինի լուծարել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ։

Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցել նիստին։ Քաղաքական պայմանավորվածության համաձայն ընդդիմադիր խմբակցություններից և ոչ մեկը թեկնածու չի առաջադրում։ Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Եվ կրկին ըստ պայմանավորվածության՝ խորհրդարանը նրան չի ընտրի վարչապետի պաշտոնում, ինչից հետո նրա թեկնածությունը 7 օր անց նորից կառաջադրվի։ Երկրորդ անգամ չընտրելու դեպքում խորհրդարանը կլուծարվի։

Ս․թ․ մարտի 18-ին, Հայաստանի նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է լուծարվել միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, և պատգամավորները երկու անգամ չընտրեն նոր վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը համարվում է լուծարված օրենքի ուժով, և անց են կացվում արտահերթ ընտրություններ։

Պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց և դարձավ վարչապետի ժ․պ․։ Սահմանադրության համաձայն՝ մեկնարկեց խորհրդարանի լուծարման գործընթացը։

Համաձայն ՀՀ օրենսդրության, վարչապետի հրաժարականից հետո յոթօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ ներկայացնել։ Հակառակ դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, որոնց կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անց են կացվում Ազգային ժողովի լուծարումից ոչ շուտ քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։ Ընդ որում, խորհրդարանի լուծարման գործընթացը տևում է 14 օր, քանի որ Ազգային ժողովը կարող է լուծարվել վարչապետի հրաժարականի դեպքում։