Բավ է պառակտվել
28-04-2021 12:50

Հայաստանի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում երկու հարց է

Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում երկու հարց է։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարականներին հրատապ կարգով ընդունել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Քննարկվելու է նաև «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ինչպես նշել է օրինագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը, Քրեական օրենսգրքում փոփոխությունները կապված են ընտրական գործընթացների հետ, ուստի դրանք պետք է ընդունել արագ՝ նախքան հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո։
Ընդդիմության ներկայացուցիչները մատնանշեցին, որ նպատակահարմար չէ քննարկել և ընդունել այդչափ հապճեպ փոփոխություններ, քանի որ դրանք փաստացի ուժի մեջ կմտնեն ընտրություններից 20-30 օր առաջ։
«Այս փաթեթն անհրաժեշտ է երկրում անկախ, արդար և ավելի մրցունակ ընտրություններ կազմակերպելու համար։ Մենք առաջարկում ենք փոփոխություններ, որոնք կարևոր են ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց Հովակիմյանը։
Ներկայացված փոփոխություններով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ընտրական գործընթացի խոչընդոտման համար։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի ՔՕ-ում սահմանված է քրեական պատասխանատվություն ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման համար, սակայն այդ դրույթը ամբողջական չէ, մասնավորապես՝ նախատեսված չէ պատասխանատվություն նախընտրական քարոզչության խոչընդոտման համար։
Ըստ օրինագծի, քրեական պատասխանատվություն է նախատեսվում բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:
Բացի այդ, նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի վերաբերյալ անանուն աղբյուրի միջոցով «կեղծ» տեղեկություններ հրապարակելու համար, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Օրինագծի հիմնավորման մեջ ընդգծում է, որ այս դրույթը չի տարածվում կեղծ տեղեկատվությունն անհատի կողմից հրապարակելու դեպքերի վրա: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար: