Բավ է պառակտվել
30-10-2018 14:02

Հայ հասարակությունը համերաշխ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում․ Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին Մոսկվայում: Այս մասին հաղորդել է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը չի փոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանի որ հայ հասարակությունը համերաշխ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերով:

Խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ի գործունեությունը օրենսդրական ոլորտում կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում, այլև ամբողջ աշխարհում:

“Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը տեղափոխվել է Երևանից։ Այո, ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի լուծմանը և արտահերթ ընտրություններին։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտականությունները և անցկացնել միջոցառումները: Այդուհանդերձ, մենք հարգանքով վերաբերվեցինք Երևանում նստաշրջանի անցկացումը հետաձգելու փոխհամաձայնեցված որոշմանը “, - ասել է Բաբլոյանը:

Նա հույս է հայտնել, առաջիկայում ՀԱՊԿ-ի լիագումար նիստերը կանցկացվեն Հայաստանում:

Ինչպես նախկինում հայտարարել էր ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա Երևանում 2019 թ. աշնանը, եթե հայկական կողմից համապատասխան առաջարկ ստացվի: