Բավ է պառակտվել
01-09-2016 10:20

Ստեփան Գրիգորյանին արգելվել է մինչև 2030թ. մուտք գործել ՌԴ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։

Երբ նա օգոստոսի 30-ի առավոտյան 08։00-ին ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան 2014-ին հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի գերեզմանին այցելելու համար, ռուս սահմանապահները նրան տեղեկացրել են, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030թ:

Որոշ ընթացակարգերից հետո Ստեփան Գրիգորյանը հետ է ուղարկվել Հայաստան իր հետադարձ ավիատոմսով: Այս մասին հայտնել են Գրիգորյանի ընտանիքից:

Քաղաքագետը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։

Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։

Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի»։