Բավ է պառակտվել
24-08-2020 20:17

Արսեն Թորոսյանն անհետացել է տեսադաշտից, հեռացնելով բոլոր էջերը սոցցացանցերից

Հայկական սոցցանցերում բուռն քննարկվում է նորությունն այն մասին, որ Ֆեյսբուքում փակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ինպես պաշտոնական, այնպես էլ անձնական էջը։

Էջն այցելելիս տեղեկացվում է, որ բովանդակությունն անհասանելի է, հնարավոր է՝ օգտատերը հեռացրել է այն կամ սահմանափակել հասանելիությունը։

Նախարարը բավական ակտիվ էր ինչպես իր անձնական, այնպես էլ՝ պաշտոնական էջում, պարբերաբար հրապարակելով ոչ միայն կորոնավիրուսին վերաբերող տվյալներ, այլև ոլորտին վերաբերող տարբեր տեղեկություններ: Սակայն արդեն մի քանի օր է, ինչ նրա էջերը պարզապես բացակայում են սոցիալական ցանցում:

Հրաժարականի առաջին նշա՞նը

Որոշ լրատվամիջոցներ շտապեցին եզրակացություններ անել, ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարականի առաջին ազդանշանն է: Տևական ժամանակ է, ինչ շրջանառվում են լուրեր, որ նա կթողնի իր պաշտոնն ինչպես կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության, որը սոցցանցերի օգտատերերի մի մասի կարծիքով ձախողվել է, այնպես էլ ոլորտում աղմկալի հրաժարականների պատճառով:

Այլ վարկածներ

Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցված վարույթն է Թորոսյանի դեմ՝ իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով:

Վարույթի հիմք է հանդիսացել “Հետաքննող լրագրողներ” ՀԿ-ի թղթակից Դիանա Ղազարյանի դիմումը: Նա հաղորդել է, որ Առողջապահության նախարարությունը 2019-2020թթ.124 միլիոն դրամ ընդհանուր արժեքով վճարովի ծառայություններ մատուցելու 5 պայմանագիր է կնքել “Միբս” ընկերության հետ, որի տնօրենն է հանդիսացել Թորոսյանի կինը` Վարդանուշ Թևանյանը:

Ղազարյանը նաև հայտնել է, որ 2011 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016-ի հունվարի 20-ը “Միբս” ընկերության առաջին տնօրենն է եղել ինքն Արսեն Թորոսյանը, իսկ 2016-ի հունվարի 20-ից 2017-ի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնը զբաղեցրել է նրա կինը` Վարդանուշ Թևանյանն, ինչից հետո՝ 2017-ի հունվարի 10-ից մինչև 2018-ի մայիսի 29-ը Թորոսյանը նորից վերադարձել է տնօրենի պաշտոնին։ Լրագրողը խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և “Միբս” ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը: 

Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ չի տեսնում առերևույթ շահերի բախում, քանի որ Թորոսյանը կամ նրա ընտանիքի անդամներն այս ՍՊԸ-ի մասնակից չեն, բացի այդ չեն ստացել այլ շահույթ նախարարության հետ կնքված պայմանագրերի արդյունքում: Առողջապահության նախարարության փոխանցմամբ այդ պայմանագրերը սուբսիդիաներ կամ նվիրատվություններ չեն ընկերություններին, այլ պետպատվերի շրջանակներում բժշկական ծառայություններ տրամադրելու մասին համաձայնագրեր են, որոնց համաձայն ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ստանում են բժշկական ծառայություններ:

Կա նաև փոխարինող

Նախարարի հրաժարականի հնարավոր վարկածներից բացի, որն, ըստ լուրերի, նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսի վերջն, արդեն բարձրաձայնվում են ապագա թափուր պաշտոնի հնարավոր թեկնածուների անունները: Հիմնականում քննարկվում է երեք հավանական թեկնածություն՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական ​հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը (արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի եղբայրը), Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս, հանրային առողջության ոլորտի փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը և հայտնի վիրաբույժ, ՀՀ նախկին գլխավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը:

Կառավարության պաշտոնական դիրքորոշումը

Չնայած տարբեր լուրերին, պաշտոնական կողմը չի մեկնաբանում իրավիճակը: “Նովոստի-Արմենիա” գործակալությունը պաշտոնական մեկնաբանության համար դիմել է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանին, ով ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից: Նա չի մեկնաբանել ոչ նախարարի էջի փակումը սոցցանցում, ոչ էլ նրա հնարավոր հրաժարականը:

“Ես կարող եմ բոլոր հարցերին տալ մի պատասխան՝ առանց մեկնաբանության”, - ասել է Նիկողոսյանը:

Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար 2018 թվականի մայիսի 12-ին: