Բավ է պառակտվել
20-09-2019 15:50

Արթուր Վանեցյանը, որպես պաշտոն զբաղեցնող անձ, վատ չի կատարել իր պարտականությունները․ Գևորգ Պետրոսյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուսումնասիրել է «Իմ քայլը» խմբակցության նախագիծը՝ ուղղված Ազգային ժողովին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցում։

Պատգամավորը չցանկացավ նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունը տալ՝ պատճառաբանելով, թե ինքը ընդդիմադիր կեցվածք ունի, և այն կարող է ընկալվել որպես սուբյեկտիվ մոտեցում։
«Քանի դեռ ԱԺ-ում մենք չենք լսել այդ հիմնավորումները, ես կանխակալ կթվամ»,- ասաց նա։
Գևորգ Պետորսյանը հիմնավոր չի համարում այն, որ Հրայր Թովմասյանն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քավոր- սանիկ հարաբերությունների մեջ են։ Խմբակցությունում այդ նախագիծը դեռ չի քննարկվել։
«Մենք այսօր ասում ենք՝ նոր Հայաստանում ենք ապրում, եթե նոր Հայաստանում նախկին բարքերը պետք է կրկնվեն, ուրեմն ոչ մի առաջընթաց չկա»,–ընդգծեց Պետրոսյանը։ Պատգամավորից հարցրեցինք արդյոք նախկին ԱԱԾ պետը պատրաստվում է անդամակցել ԲՀԿ –ին, ինչպես գրել էր մամուլը ՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ որ շատ խոսակցություններ կարող են լինել։
«Մեր կուսակցությունը կարագի հերթ կանգնած մարդկանց չի միավորում, որ ով ուզի՝ կարող է համալրել։ Ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է համալրել մեր շարքերը, պետք է ընդունի մեր գաղափարախոսությունը։ Մեր կուսակցություն մուտք գործելը քաղաքացու իրավունքն է, բայց այնպես է, որ այդ իրավունքը մեր կուսակցության կողմից գնահատվում է։ Իհարկե, եթե մարդը հայրենանվեր մարդ է, ցանկալի է՝ համալրի մեր շարքերը, բայց կանգնել-ասել, որ՝ ուզում ենք Վանեցյանը գա, դա իմ ասելիքը չէ»,- նշեց նա։
Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ նաև հրաժարականների թեմային, ասաց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի հետ անձամբ որևէ մտերմություն չի ունեցել, հարկ եղած դեպքում նույնիսկ քննադատել է Օսիպյանին։
«Մեր երկրի համար Արթուր Վանեցյանը, որպես այդպիսի պաշտոն զբաղեցնող անձ, վատ չի կատարել իր պարտականությունները։ Օրինակ՝ հրաժարականներ կան, որոնց համար ես ափսոսանք եմ ապրում, դրանցից մեկն ինձ համար Վանեցյանի հրաժարականն էր»,- ասաց Պետրոսյանը, շեշտելով, որ Արթուր Վանեցյանը թողել է սրտացավ մարդու տպավորություն, և չի կարող այն մարդկանց նման քարկոծել Վանեցյանին, որոնք ժամանակին նրան տեսնելիս՝ պատերի տակով են ման եկել։

 

Արմինե Գևորգյան