Բավ է պառակտվել
21-09-2020 16:38

Արթուր Վանեցյանն պետք է մտածի, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերին․ Քյարամյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերի, վարչապետի հեռախոսազրույցները։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ արձագանքելով Վանեցյանի այն դիտարկմանը, թե Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը   ազգային անվտանգության իրական սպառնալիք է։

«Ես Վանեցյանի հայտարարությունները չեմ մեկնաբանում»,–ասաց Քյարմյանը։

Հարցին, որքանո՞վ Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը պատասխանեց, թե քննություն է ընթանում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք հրապարակել չի կարող:

Մեկ այլ հարցի` հնարավո՞ր է, որ որևէ ժամանակահատվածում իր հեռախոսազրույցները նույնպես գաղտնալսվեն, Քյարամյանը չբառացեց։ Նրա խոսքով` որևէ մեկը երաշխավորված չէ այդ գործընթացից, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են։

«Կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները և կարող են իրականացնել այդ գործընթացը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

ԱԱԾ պետը անդրադարձավ  նաև ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցին։ Հիշեցնենք, որ զեկույցում ասված էր, որ Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել, այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի, Արթուր Վանեցյանի անունները։ Ըստ «Դոսյեի»` օրինակ` Վանեցյանին հաճախ են Մոսկվայում տեսնում ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

««Դոսյեի» հրապարակածն ամբողջությամբ իրենից ենթադրում էր հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այնտեղ զետեղված ցանկացած փաստի», - ասաց Քյարամյանը։

Նա վստահեցրեց` արդեն իսկ ԱԱԾն հետազոտում է այնտեղ նշված տեղեկությունները, սակայն այս պահին դրանց առնչությամբ մանրամասներ հայտնել չի կարող։ «ԱԱԾ-ն, որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի: Նախաքննությունն արդեն իսկ սկսվել է: Սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին ներկայացնել չեմ կարող»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

Արգիշտի Քյարամյանը նշեց, որ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ շատ լավ են, նաև այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ, սակայն ՀՀ ԱԱԾ-ն միտված է առաջին հերթին պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, մեր ժողովրդի ու պետության շահը: