Բավ է պառակտվել
31-01-2020 14:51

Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է․ Թևան Պողոսյան

2019 թ. հինգ հանդիպում է տեղի ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև: Յուրաքանչյուր հանդիպումից հետո Մամեդյարովն իր պատմությունը պատմել է, իսկ մեր պաշտոնական աղբյուրները մեկ-երկու շաբաթ տարել-բերել են, ինչ ասես իրար ասել են, մեր վրա ներազդել են, հետո հասկացել ենք, որ ոչինչ իր տեղից չի շարժվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը` անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Պողոսյանի խոսքով, այժմ կարևոր է, որ Արցախում կայանալիք ընտրություններն անցնեն շատ լավ, որպեսզի աշխարհին Արցախի զարգացումների մասին հայտնելու հնարավորություն լինի։
«Ւմ պատկերացմամբ, Ադրբեջանում կա ընդունված քաղաքական որոշում, որ ինքը միայն ռազմական ճանապարհով ա գնալու։ Էնպես որ բոլոր եղած բանակցություններն ու այլ խնդիրները պարզապես իրենց շահերն առաջ տանելու համար են։ Մենք էլ պիտի գիտակցենք, որ միակ զսպող ուժը և խաղաղություն պարտադրողը տարածաշրջանում Արցախի պաշտպանության բանակն է և ՀՀ զինված ուժերը։ Դա նշանակում ա, որ մենք մեր տնային աշխատանքը, անկախ ցանկացած տեսակ հանդիպումից, պետք ա կարողանանք անել և փոխել իրականությունը հողի վրա»,- նշեց Պողոսյանը։
Թևան Պողոսյանը ասում է,որ նման երկար հանդիպումներ էլի են եղել
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, և խնդիրը հանդիպման տևողությունը չէ, այլ ցանկացած բանակցություններից հետո պետք է կարողանալ խնդիրների մեկնաբանություններն ի շահ հայկական տեսակետների տանել։
Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի եռօրյա հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդիպումից հետո հայտնել էր, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թ. ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։
Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանում իշխանության փոփոխություն է սպասվում, և մեր ԱԳ նախարարությունը գիտակցում է, որ ներկայիս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երկար չի կարող պաշտոնավարել: Նման դեպքում դժվար, թե հանդիպեին և շատ լուրջ հարց քննարկեին, սակայն ըստ նրա` եթե մենք նոր իշխանություն ենք ընտրել հետաքրքիր գաղափարների համար և նրանք խոսք են տվել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ապա պետք է մեր ընտրությանը պահանջատեր լինենք:

«Իսկ ինչու Մամեդյարովն ունի այդ մեծ ցանկությունը, քանի որ փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ, առաջանում է իշխանության տրանզիտության խնդիր, իսկ Մամեդյարովն արդեն 14-16 տարի է՝ արտգործնախարար է։ Ինքը բնական է՝ շատ է ուզում մնալ, բայց նաև ներքին պայքարից հասկանում ենք, որ նրա դիրքերը էդքան էլ ուժեղ չեն։ Էնպես որ, մարդու հետ, ով երկար ճանապարհ չի անցնելու այդ դաշտում, դժվար թե գնային և լուրջ խնդիրների մասին քննարկեին»,- նշեց Պողոսյանը։

Պողոսյանը հստակեցրեց, իր համար Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է։
«Մինսկի խմբի համանախագահների խնդիրը միջնորդությունն է, ու իրենք տարբեր ժամանակահատվածներում տարբեր փաթեթներ են ձևավորելու։ Մենք պետք է սովորենք նրան, որ ամեն 10-15 տարին մեկ կարող է նոր մոտեցումների մասին խոսեն, նոր խնդիրներ լինեն։ Էդ ամենը մենք պետք է կարողանանք ընդունել և մեր հողի վրա տանենք առաջ։ Էդ ժամանակ մեր երազանքին կհասնենք»,- նշեց Պողոսյանը։