Բավ է պառակտվել
24-02-2020 15:13

Արցախի հարցը չի կարող վերանալ մեր օրակարգից. յուրաքանչյուր 1 զոհն արդեն ավելի քան շատ է. Զոհրաբ Մնացականյան

«Սա առաջին անգամ չի հնչեցվել, սա կարևորագույն տարր է մեր ամբողջ մոտեցման և դիրքորոշման մեջ, որը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, դրա համար որևէ առիթ չենք տվել և նպատակ չունենք տալու»,-այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի ասուլիսին՝ ի պատասխան լրագրողների հարցերին, թե ազգերի ինքնորոշման իրավունքը երկրորդ պլա՞ն է մղվել բանակցային գործընթացում։
«Բոլոր նրանք, ովքեր հետևում են գործընթացին, վստահաբար, չեն առաջնորդվում առանձին վերցված մի հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում ամենը: Յուրաքանչյուրը, ով հետևում է ամբողջ դինամիկային, ամբողջ գործընթացին, կտեսնի, որ այս հարցը մշտապես եղել ու մնում է, և չի կարող՝ տրամաբանորեն չի կարող, ուղղակի վերանալ մեր օրակարգից»,- ի պատասխան ասաց ՀՀ արտգործնախարարը և մեջ բերեց Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ իր հնչեցրած ելույթից մի հատված:
«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով: Այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։
Սակայն լրագրողները Զոհրաբ Մնացականյանին հիշեցրին,որ սահմանին հայ զինվոր է վիրավորվել, և դա տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստից հետո,արդյոք դա Ադրբեջանի պատասխանը չէ՞ր․ ՀՀ արտաքին գործերի նախարարը «չափազանց մտահոգիչ» համարեց Ադրբեջանի գործողություները։
Հիշեցնենք, որ ՝ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ։
Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։
Մնացականյանի խոսքով «էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ, հետևաբար էսկալացիայի ռիսկերի աճը չի տալու իրական պրոգրես ունենալ բանակցային գործընթացում։
«Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թվականի ընթացքոմ՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը․հավելելով,որ մեր կողմից մեր կողմից հստակ շարունակելու են առաջ տանել այդ օրակարգը:

ԱԳՆ անդրադարձավ նաև Փաշինյան –Ալիև մյունխենյան հանդիպմանը։ Ասաց, որ մյունխենյան սկզբունքների մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումները, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ։ Վերջինս համաձայն չէ այն դիրքրոշումների հետ թե կարգավիճակի հարցն անտեսվել է։
«Ոչ, չի անտեսվել, անտրամաբական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն», - ասաց նա։
ԱԳ նախարարն ընդգծեց՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
«Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն ու միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել։ Մեզ համար ամենասուր հարցերը եղել ու մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է մյունխենյան պանելային քննարկմանը, Մնացականյանն ասաց, թե ղեկավարներն են քննարկել՝ ինչպես ներգարվվել այդ ձևաչափի մեջ։
«Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք նստել ու ղեկավարների մակարդակով բաց զրույցով քննարկել հարցեր», - ասաց նա։

 

 

Արմինե Գևորգյան