Բավ է պառակտվել
31-03-2023 13:36

Կալիֆորնիա նահանգի ասամբլեան Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել

Կալիֆորնիայի ասամբլեան (Սենատի ստորին պալատը) անվերապահորեն ընդունել է AJR 1 բանաձեւը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Փաստաթղթի հաստատմանը կողմ է քվեարկել 59 օրենսդիր, դեմ՝ 0, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Բանաձևը նահանգային խորհրդարան է ներկայացրել ասամբլեայի անդամ Քրիս Հոլդենը, որը որը վերահաստատում է Կալիֆորնիայի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Բայդենի վարչակազմին կոչ է անում շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել արցախահայությանը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր ագրեսիայի համար՝ կիրառելով Բաքվին տրամադրվող ռազմական օգնության 907-րդ հոդվածի սահմանափակումները:

«Լաչինի միջանցքի շրջափակումը վտանգի տակ է դրել 120 հազար հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների կյանքերը, որոնք տառապում են սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խիստ պակասից։ Անհամբեր սպասում եմ Սենատի իմ գործընկերների հետ աշխատելուն, որպեսզի այս միջոցն ընդունվի և ուղարկվի Կոնգրեսին և նախագահին»,- ասել է Հոլդենը:

Այժմ AJR 1-ը, օրենսդիրների երկկուսակցական աջակցությամբ, տեղափոխվել է Նահանգի Սենատ, որտեղ այն կներկայացնի սենատոր Էնթոնի Պորտանտինոն՝ գործընկերներ Բոբ Արչուլետայի և Սքոթ Ուիլքի համահեղինակությամբ:

ANCA-ն շնորհակալություն է հայտնել Հոլդենին և նրա գործընկերներին համատեղ բանաձևի ներկայացնելու համար, որը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել իր անօրինական շրջափակումը և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանն իր անողոք ագրեսիայի համար։

«AJR 1-ի ընդունումը հզոր քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու արցախահայության դեմ իր չդադարող ագրեսիայի համար»,- ասել է ANCA Ազգային խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը։