ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։ Այս մասին gisher.news-ն տեղեկանում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։
Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նույն օրը Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը: