Բավ է պառակտվել
01-05-2020 13:39

Հրաչյա Հակոբյանի հարց-հայտարարությունը գրվել է վարչապետի կողմից. Արսեն Բաբայան


Իրավապաշտպան Արսեն Բաբայանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը դիմում է ներկայացրել՝ պահանջելով իրավական գնահատական տալ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մի շարք աղմկահարույց հարցադրումներ է արել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նրա հրաժարականի պատճառների հետ կապված։
«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», - գրել է Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: «Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ», - գրել է պատգամավորն՝ այդպես էլ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը։

Արսեն Բաբայանն ասում է, որ վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից։ Նա իրական մրցակից Արթուր Վանեցյանի մեջ է տեսնում, և ընտանեկան ամբողջ ուժերը կենտրոնացրել են պարոն Վանեցյանի ուղղությամբ,;ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Բաբայանը համոզված է,որ Հրաչյա Հակոբյանի հարց-հայտարարությունը գրվել է վարչապետի կողմից.
«Հրաչյա Հակոբյանը լինելով ԱԺ պատգամավոր՝ անում է մի անհեթեթ ու զրպարտչական հայտարարություն, բայց ինչ-որ հնարքի կիրառությամբ այդ հայտարարությունը ձեւակերպվում է այնպես, որ իր կարծիքով հնարավոր չլինի իրեն պատասխանատվության ենթարկել՝ զրպարտչության համար։ Այսինքն՝ քաղաքացիական դատավարության ընթացակարգով եւ դրա համար էլ ձեւակերպում է հարցեր։ Նպատակ ունենալով ցույց տալու, թե իբր այն հարցերը, որոնք ինքը ձեւակերպել է, դրանք իրականություն են։ Ինչու հենց Հրաչյա Հակոբյանը, որովհետեւ բոլորս գիտենք, որ ինքը վարչապետի ընտանիքի անդամ է եւ կարող է տպավորություն ստեղծվել հանրության մոտ՝ այ ընտանիքի անդամն է խոսում այսպիսի բաների մասին, ուրեմն ինքը տեղեկացված է։ Այդ հրապարակումը դեղին մամուլին հարիր հայտարարություն է։ Ամենադատապարտելին այն է, որ վարչապետի գրպանի պատգամավորներից մեկը, որն իրեն անկախ է հռչակել, հենց այդ գիծը տանում է առաջ»։
Իրավապաշտպանն ասաց, որ այդ հրապարակման վերաբերյալ պետք է գնահատականը լինի 3 ուղղություններով. «Պետք է լինի քաղաքական, իրավական եւ բարոյական, որովհետեւ սպայի արժանապատվությունն ու նվիրվածություն իր հայրենիքին՝ փորձել որեւէ կերպ կասկածի տակ դնել, այն էլ այնպիսի սպայի, որը եղել է ԱԱԾ տնօրեն։ Մի կողմից սուտ մատնության հարցն է, մյուս կողմից հանցագործության մասին իբր տեղեկություն ունենալու հարցն է, որովհետեւ եթե տեղի է ունեցել այդպիսի հանցագործություն, ապա պիտի տրվի գնահատական եւ ենթադրյալ հանցագործության պարտակումը»։

 

 

Արմինե Գևորգյան