Բավ է պառակտվել
24-08-2021 14:40

«Այն անձինք, ովքեր կոնկրետ հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության». Արամ Վարդևանյան

«Արծվիկ Մինասյանի նկատմամբ վարքագիծը քրեորեն հետապնդելի արարք է իր մեջ պարունակում, առհասարակ, այսօրվա դեպքը խորհրդարանական կառավարման համակարգ որդեգրած երկրի համար խայտառակության էջերից մեկն է: Ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին, դրանում չկասկածեք: Ինքս կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, և այն անձինք, որոնք այդ վարքագիծը դրսևորել են, ովքեր կոնկրետ հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ իրավիճակը լարվեց, նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը հայտարարեց ընդմիջում, անջատվեցին տեսախցիկները, լրագրողներին դուրս հանեցին իրենց աշխատանքի տարածքից, որպեսզի չկարողանան դահլիճում տեղի ունեցող ծեծկռտուքը նկարահանել:

Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց. «Եթե դուք տեսնեիք այն մարմնական վնասվածքը, որ ստացել է Արծվիկ Մինասյանը, դա հրմշտոց չէր, դա խուլիգանական վարքագիծ էր, իսկ խուլիգանական վարքագիծ դրսևորողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, դրանում չկասկածեք: Կպատժվեն հիմա՞՝ այս դատախազության պայմաններում, թե՞ որոշակի ժամանակ անց, չկասկածեք դրանում»: