Բավ է պառակտվել
04-02-2020 14:56

Այն նախագծի նպատակն է Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնել․Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագծում օրենսդրական նախաձեռնություն չկա: Դա հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, ես դա չեմ անվանի օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ: Դրա նպատակը Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելն է», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է փոփոխություններ կատարել կանոնակարգ օրենքներում, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է հանրապետության նախագահին

«Եթե փետրվարի 6-ին ԱԺ դահլիճում այս նախագիծն անցնի, իսկ ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, ապա այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև իմ կողմից շատ իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել», - հավելեց նա:
Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց լիազորել են լուծել ՍԴ հարցը՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ ամբողջ ժողովրդի անունից որևէ քաղաքական ուժ խոսելու իրավունք չունի:
«Ես էլ եմ ՀՀ քաղաքացի և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին, ես գտնում եմ, որ մեր երկրում ավելի կարևոր հարցեր կան, քան՝ արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը: Մեզ համար անձերի խնդիր չկա և ամեն ինչ անելու ենք երկրում օրենքի գերակայության հաստատման համար», - նշեց Զոհրաբյանը։

 

Արմինե Գևորգյան