Բավ է պառակտվել
08-05-2014 14:27

Ներկա քաղաքական էլիտայով պատերազմը տանուլ կտանք. ազատամարտիկ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ եթե այսօր Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ներկա քաղաքական էլիտայով երկիրն այն տանուլ է տալու:

Ազատամարտիկը նշեց, որ չի կարող չանդրադառնալ վերջին շրջանում տեղի ունեցած երկու իրադարձությունների: «Առաջինը անցած տարվա սեպտեմբերին սկսված, Զորի Բալայանի ձևավորած շարժումն է, երկրորդը՝ Քեսաբի հարցը: Եթե մենք առաջիկա ժամանակներում այս երկու հանգամանքների դեմը չառնենք, կորցնելու ենք ամեն ինչ»,-նշեց նա:

«Զորիբալայանական» շարժման մասին Սեֆիլյանը նախ նշեց, թե շատ է կրկնվել այն միտքը, որ երկիրը փաստացի անկախ չի լինի մինչ այն ժամանակ, քանի դեռ երկրում տեղի չի ունեցել «լյուստրացիա»: «Անշուշտ այս ցուցակում իր առաջին տեղը չի զիջում պարոն Բալայանը, որի շարժման գլխավոր նպատակը մեր ինքնիշխանության խլումն է»,-ասաց նա ու հավելեց, որ եթե 1990-ականների սկզբին երկիրն ինչ-որ չափով անկախ պետության նմանվում էր, ապա անցած 10-15 տարիների ընթացքում երկրի ռեսուրսը մարդիկ կորցրել են, իսկ այսօր նաև վտանգված է դե յուրե անկախությունը:
Նրա համոզմամբ՝ այսօր ժողովուրդը խնդիր ունի ՀՀ-ն ազատագրելու, Երևանն ազատագրելու:
Իսկ ինչ վերաբերում է Քեսաբին, ազատամարտիկը նշեց, որ այն առաջին հերթին ազգային արժանապատվության խնդիր է: «Քեսաբցին մնաց առանձին: Չակերտավոր խելոք մարդիկ սկսեցին զավեշտալի մտքեր դնել շրջանառության մեջ՝ ասելով, որ սա մեր կռիվը չէ»,-ասաց նա՝ հայտարարելով, որ սփյուռքի և հայրենիքի այսօրվա քաղաքական ղեկավարությունը ընդգծված հանցավոր կեցվածքի մեջ է:

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ Շուշիի ժամանակ հաղթանակի հասնելու գլխավոր գործոնը եղել է ազգային արժանապատվությունը, սակայն այժմ, եթե այդ արժանապատվության խնդիրը չլուծվի, ամեն ինչ կորած է:

«Քեսաբի հարցում նաև Սերժ Սարգսյանն ունեցավ մի արտահայտություն, որը մեզ շատ չի զարմացնում, նա հիմարություն անվանեց այն կամավորներին, որոնք գնացել էին Լաթաքիա։ Նրան ճանաչելով՝ կասեմ, որ մի մարդ, որն Աղդամը մեր հայրենիքը չի համարում, զարմանալի չէ, որ նման բան կասի»,- ասաց նա: