Բավ է պառակտվել
29-03-2021 13:34

Մենք Թուրքիայից ակնկալում ենք Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականության փոփոխություն․ Այվազյան.

Հայաստանը ակնկալում է, որ Թուրքիան կփոխի իր ագրեսիվ քաղաքականությունը հայկական կողմի նկատմամբ ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

«Որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի ագրեսիվ գործողություններն», - ասել է նա երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովի նիստում:

Այվազյանը շեշտել է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը և չի փնտրում թշնամիներ։ Նրա խոսքով, անկախացման առաջին իսկ օրվանից մինչև վերջերս Հայաստանը հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորման ուղղությամբ, և վերջինը ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից։

«Թե՛ միջազգային, թե՛ միջպետական հարաբերություններում ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է: Եվ հարաբերությունների կարգավորման մեր իսկապես ազնիվ, առանց նախապայմանների նախաձեռնությունը չի փոխադարձվել պաշտոնական Անկարայի կողմից», - ասել է նա:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ ողբերգական անցյալ ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել նորմալ հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը:

«Հույս ունեմ, որ Թուրքիայում այդ գիտակցումը վաղ թե ուշ կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը։», - ասաց նա:

Թուրքիայի հետ «խաղաղության և բարեկամության» մասին հայտարարությունները

Նախօրեին Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմն, այլ խաղաղությունը: Նա արձանագրեց, որ Հայաստանը բազմաթիվ թշնամիներ ունի տարածաշրջանում։ «Բայց եթե մենք բազմաթիվ թշնամիներ ունենք ոտարածաշրջանում, դա չի նշանակում է, որ մենք շատերի համար թշնամի ենք տարածաշրջանում», - ասաց նա:

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է վերանայի տարածաշրջանի իր գնահատականը, իր վարքը, իր դիրքը տարածաշրջանում ՝ նաև անելով այնպես, որ մյուսները (տարածաշրջանի երկրները - խմբ.) նույնպես իրենց այդպես պահեն:

Մեկ օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասաց, որ Հայաստանը պետք է ապաարգելափակի հաղորդակցությունները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ: Նա համաձայնեց, որ ներկայումս Թուրքիայի հետ ուղղակի երկխոսություն չկա, բայց Թուրքիայի և Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում հնչում են հայտարարություններ հնարավորությունների մասին:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ:

Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը:

2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։

2017-ի սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման Հայոց ցեղասպանության ճանաչման հարց չի դրել, չնայած նրան, որ Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար։

2018-ի մարտի 1-ին Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին հրամանագիրը։