Բավ է պառակտվել
14-04-2021 17:05

Հայաստանը հուսով է, որ հետագայում հարևան երկրները քայլեր կձեռնարկեն վստահության մթնոլորտի ձևավորման համար

Հայաստանը հույս ունի, որ հետագայում հարևան երկրները քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում վստահության մթնոլորտի վերականգնման կամ ձևավորման համար։ Այս մասին ասել է Հայստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը, պատասխանելով Թուրքիայի առաջարկած «վեցի հարթակի» մասին պատգամավորի հարցին:

Այվազյանն հայտնել է, որ Հայաստանը միշտ եղել է տարածաշրջանային համագործակցության կողմնակիցը, ինչը կխթաներ վստահության մթնոլորտն ու կհանգեցներ տարածաշրջանում կայունության և անվտանգության:

«Մեր մեղքով չէ, որ այդ հարթակները և համագործակցությունը չեն կայացել: Այսօր, ցավոք, ունենք վստահության մթնոլորտի ձևավորման մասով թերություններ: Մենք հույս ունենք, որ հետագայում հարևան երկրները քայլեր կձեռնարկեն այդ մթնոլորտի ձևավորման համար»,-ասել է նա:
2020թ դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի և Երևանի միջև «նոր էջ» բացելու հնարավորության մասին, եթե Հայաստանը մասնակցի Կովկասում համագործակցությունը զարգացնելու համար ձևավորված «վեցի հարթակին»։ Նրա խոսքով՝ հարթակին կարող են անդամակցել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում»՝ Հայաստանը։ Վրաստանը մերժել է այդ առաջարկը հարթակում Ռուսաստանի ներկայության պատճառով, փոխարենն առաջարկելով ստեղծել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հարթակ։