Բավ է պառակտվել
27-07-2015 13:53

Ադրբեջանը ռազմականորեն և տնտեսապես պատրաստ չէ պատերազմի.քաղաքագետ

Հայ-ադրբեջանական հարաբերություններում բանակցային գործընթացի ակտիվությունն ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ այս փուլը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Նման համոզմունք, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում , հայտնեց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ պատերազմի: 
«Այդուհանդերձ, լուրջ զարգացումներ չեն լինի: Հիմա ամենաշատը, որ կլինի, դա նախագահների հանդիպում կազմակերպելն է, ոչ ավելին: Բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար հիմա համանախագահներին միայն հանդիպում կազմակերպելն է մնում, ինչը դժվար է ասել, նրանց կհաջողվի՞, թե՝ ոչ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի ակտիվությունը մեծ հաշվով համընկավ տարածաշրջանային զարգացումներով, մասնավորապես Իրանի և վեցյակի համագործակցությամբ: Տարածաշրջանում ռուս-ամերրիկյան համագործակցությունը նորից սկսում է աշխատել, և Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի սահմանում իրավիճակը լարված պահի:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, քաղաքագետն ասաց, թե Ադրբեջանի կողմից պատրաստակամություն չի տեսնում, նախևառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան ռազմականորեն և տնտեսապես: 
Քաղաքագետն ասաց նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը չպետք է կապել եվրոպական այլ պաշտոնյաների այցերի հետ, քանի որ Եվրոպան խնդիր ունի մշակելու հնարավոր զարգացումները: Ըստ նրա՝ Հայաստանի կարևորությունն ինչ-որ չափով ավելանում է, քանի որ Իրանը փորձելու է տարածաշրջանում կարևորել մեր երկրի դերը:
Եզրափակելով իր խոսքը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ խնդիրն Ադրբեջանին մշտապես լարված պահելն է սահմանին, որ այդ իրավունքը նրա ձեռքում չմնա: