Բավ է պառակտվել
25-05-2016 08:57

Շփման գծում միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրմանը դեմ է Ադրբեջանը

ԱՄՆ Պետքարտուղարության կայքը հրապարակել է երկու ամերիկացի դիվանագետների ճեպազրույցի սղագրությունը, որի ընթացքում Պետդեպի ավագ պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, պատասխանել են լրագրողների հարցերին և կարծիքներ ներկայացրել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների շուրջ:

Պետդեպի առաջին ավագ պաշտոնյան ընդգծել է, որ 1994-ին ձեռք բերված հրադադարից հետո թեև Ղարաբաղյան հակամարտությունն ընդունված է սառեցված հակամարտություն անվանել, այն հեռու է սառեցված լինելուց:

«Վերջին 20 տարում շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերն ամեն տարի հանգեցնում են տասնյակ զոհերի, իսկ ապրիլի 2-5-ը տևած, այսպես կոչված` քառօրյա պատերազմի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ գրանցվեցին` շուրջ 350, այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում»,-ասել է պաշտոնյան:

Վերջինս շեշտել է նաև, որ իրենք ցանկանում են տեսնել բանակցային գործընթացի շարունակությունը, որի արդյունքում կողմերին կհաջողվի համապարփակ լուծում գտնել հակամարտությանը:

Ըստ պաշտոնյաների վերլուծության` Վիեննայում կայացած բանակցություններում երկու կողմն էլ ընդգծել են, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է և որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դեպի հարցի կարգավորումը:

Ճեպազրույցում անդրադարձ է կատարվել նաև դիտորդների խնդրին, մասնավորապես, Պետքարտուղարության պաշտոնյան նշել է, որ ներկայիս 6 դիտորդները կարևոր խնդիր չեն լուծում, և անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ինչպես նաև ներդնել շփման գծում հրադադարի խախտումներն ու միջադեպերը հետաքննող մեխանիզմներ։

Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ այս միջոցառումներին դեմ է Ադրբեջանը, և Վիեննայի բանակցությունների նպատակն է եղել նաև Ադրբեջանի մոտեցումը փոխելը։