Բավ է պառակտվել
05-03-2021 14:55

Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը Արցախի հարցում և սադրիչ հայտարարություններ անում. ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման ճանապարհով: Այսպես է մեկնաբանլ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ՄԱԿ ԱԽ բանաձևերը կյանքի կոչելու վերաբերյալ, տեղեկացնում է Հայստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում»,- ասել է Նաղդալյանը։
Նա նշել է, որ ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են։

Նաղդալյանը մեկնաբանել է նաև Ալիևի այն հայտարարությունը, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա։ Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել է Նաղդալյանը։

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, և այս համատեքստում նաև Արևելյան Ադրբեջանի մի մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատմանը: