Բավ է պառակտվել
19-01-2022 18:37

Ադրբեջանը պետք է շարունակի ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով․ Հայաստանի արտգործնախարար

Վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է շարունակի ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով խորհրդարանի պատգամավորների հարցերին։

«Վստահ եմ, որ վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է շարունակի խաղաղ գործընթացն այս ձևաչափով, հատկապես, երբ իրենք խոսում են խաղաղ կարգավորման, համաձայնագրի և այլնի մասին։ Սա այն հարթակն է, այն ձևաչափը, որտեղ դա կարող է և պետք է քննարկվի»,- ասաց նա։ .

Միրզոյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան և չենթարկվեն ադրբեջանական կողմի ճնշմանը, որը փորձում է կանխել նրանց այցը։

Անցած շաբաթ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին անդրադառնալու փորձերն։ Ալիևը, մասնավորապես, ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Մենք այս խնդիրը լուծեցինք նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել էր, որ եթե հակամարտող կողմերից մեկն ասում է, որ հարցը լուծված է, ապա միջնորդություն այլևս չի պահանջվում։ ԵԱՀԿ գործող նախագահությունն ավելի ուշ հաստատեց իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին։