Բավ է պառակտվել
18-05-2021 11:51

Ադրբեջանը պետք է վերադառնա ելման դիրքեր․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը պետք է վերադառնա ելման դիրքեր, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը էապես չի փոխվել:

«Պայմանավորվածություններ կային, որ Ադրբեջանը կնահանջի, բայց մինչ օրս այս պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել: Մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա իր ելման դիրքեր», - ասել է Գրիգորյանը:

Նա շեշտել է, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, և հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, այդ պատճառով հայկական կողմը չի գնում ռազմական ճանապարհով, այլ օգտագործում է առկա բոլոր գործիքները:

«Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք բոլոր, անգամ վատագույն սցենարին, բայց հուսով ենք, որ խնդիրը կլուծվի դիվանագիտական ճանապարհով: Եթե չհաջողվի՝ ստիպված կլինենք այլ որոշումներ կայացնել», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ մայիսի 12-ից Հայաստանի բոլոր պաշտոնյաները կապի մեջ են իրենց ռուս գործընկերների հետ: Ռուսաստանն ինտենսիվորեն ներգրավված է եռակողմ բանակցություններում, վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կան հայտարարություններ, որ կողմերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր:

«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, կան քարտեզներ, որոնք ռուսական կողմն ընդունում է նախնական պայմանավորվածության հասնելու համար, համաձայն որի ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման դիրքեր: Մենք աշխատում ենք, այս ուղղությամբ որոշակի հաջողություն կա, բայց մենք հարցը կհամարենք կարգավորված, երբ նրանք վերադառնան ելման դիրքեր», - ասել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական քարտեզներին, նրա խոսքերով, «ամեն թուղթ քարտեզ չէ»:

«Քարտեզներում պետք է լինեն ստորագրություններ և կատարված աշխատանք, իսկ նրանք ցույց են տալիս թղթեր, մենք էլ կարող ենք նման թղթեր տպել: Գոյություն ունեն քարտեզներ, օրինակ, 1929 թվականի, որտեղ առկա են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրություններն, ինչպես նաև Անդրկովկասյան բյուրոյի վավերացումն, ինչով և պետք է առաջնորդվել», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ բանակցությունները կվերսկսվեն չորեքշաբթի օրը, երբ տեղի կունենա նաև ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստը, որն իր ազդեցությունը կունենա: Բայց նա չբացառեց դրանից առաջ որոշակի որոշումներ կայացնելու հնարավորությունը:

«Մենք արդեն ասել ենք, որ որոշ տեղերում նրանք հետ են քաշվել, բայց մենք հարցը կհամարենք կարգավորված, երբ նրանք ամբողջությամբ վերադառնան նախնական դիրքեր: Եթե չվերադառնան՝ հայկական կողմը հարկադրված կլինի օգտագործել այլ գործիքներ: Մենք հարցի քաղաքական և դիվանագիտական լուծման կողմնակից ենք, բայց եթե չստացվի, ապա Հայաստանը հարկադրված կլինի այլ գործիքներ կիրառել: Իրավիճակը կարգավորելու համար գործընթացում ներգրավելու ենք նաև մեր դաշնակից ռազմավարական գործընկեր Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, քանի որ իրավիճակը լիովին համապատասխանում է ՀԱՊԿ պայմանագրին, և եթե լինի զարգացում, ապա հնարավոր է օգտագործել այլ կետեր», - ասել է Գրիգորյանը:

Նա նշել է, որ հայկական կողմը խաղաղ լուծման հնարավորության է տեսնում և կներդնի բոլոր ջանքերն՝ արագ կարգավորման հասնելու համար:

Ըստ նրա, նմանատիպ խնդիր կա նաև Գեղարքունիքի մարզում, որտեղ էական փոփոխություն չկա, կան որոշակի դրական փոփոխություններ, հակառակորդը մասամբ հեռացել է տարածքից, բայց իրավիճակն, ընդհանուր առամամբ, չի փոխվել և չի լուծվել:

«Շատ կարևոր է, որ սա չդիտարկվի միայն Սյունիքի հետ կապված գործընթաց, սա սպառնալիք է ամբողջ Հայաստանի անվտանգության համար», - ասել է Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը դժվարացնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրագործման շուրջ քննարկումները:

Նրա կարծիքով, այսպիսով ադրբեջանական կողմը մտադիր է տորպեդահարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«Մեր հասարակության մեջ փորձում են ամրապնդել այն կարծիքը, որ Ադրբեջանը հաղթել է: Բայց եթե հաղթեց, ինչպե՞ս իր տարածքներում ևս երկու երկրի բանակ ստացավ: Սա հաղթանակ չէ, և նման սադրանքներով իրենք ցույց են տալիս, որ դժգոհ են նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լինեին, Զանգեզուրի և այլ լրացուցիչ հարցեր չէին բարձրացնի։ Սա միանշանակ ցույց է տալիս, որ իրականում նրանք ավելի բարդ իրավիճակում են հայտնվել, քանի որ բանակցությունների միջոցով կարող էին այլ արդյունքների հասնել, բայց նրանք ընտրեցին ռազմական ճանապարհն», - ասել է Գրիգորյանը: