Բավ է պառակտվել
03-02-2022 21:16

Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանների սահմանազատման շուրջ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման հարցով ՝ առանց որևէ նախապայմանի և միջազգային փորձի հիման վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Մոտ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի Դաշնության միջոցով մեզ նոր առաջարկներ ներկայացրեց՝ կապված սահմանազատման գործընթացի մեկնարկի հետ։ Չխորանալով այդ առաջարկների մանրամասների մեջ՝ կարող եմ միայն ասել, որ որոշակի նախապայմաններ են առաջադրվել [սահմանազատման] գործընթացի և հանձնաժողովի գործունեության մեկնարկի համար: Կարճ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հակառակ կողմին է հասցրել իր դիրքորոշումը։ Մենք բաց ենք այս գործընթացն սկսելու համար ՝ առանց որևէ նախապայմանների»,- ասել է ԱԳ նախարարը։

Ըստ Բայրամովի, Բաքուն չի նկատում Երևանի կողմից հետևողականություն և կայուն մոտեցում սահմանազատման գործընթաց սկսելու հարցում։ Նա ընդգծել է, որ միջազգային հարաբերություններում սահմանների որոշման բավական կայացած փորձ կա։ «Կարծում ենք, որ այս գործընթացն սկսելու համար նոր «գյուտերի» և «կրեատիվ մոտեցումների» կարիք չկա։ Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն, սահմանազատման հանձնաժողովը պետք է սկսի աշխատանքը», - նշել է ադրբեջանցի նախարարը։

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Բաքուն մերժել է սահմանազատման վերաբերյալ Երևանի առաջարկները

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հինգշաբթի լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանը բացասաբար է արձագանքել սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է։

«Կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց կրկնում եմ՝ սա շարունակական պրոցես է, այնպես չէ, որ մենք մի անգամ առաջարկեցինք, իրենք մերժեցին, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են անընդունելի եղել»,- ասել է նա։

Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով առաջարկներ են ուղարկվել Ռուսաստանին, Ադրբեջանին և միջազգային գործընկերներին։