Բավ է պառակտվել
16-11-2021 21:38

Շոյգուի հետ Ադրբեջանի ու Հայաստանի ՊՆ ղեկավարների բանակցությունների արդյունքում կողմերը միջոցներ են ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ

Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցներից հետո միջոցներ են ձեռնարկել սահմանին իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, Քիլիսալի լեռան շրջանում իրադրությունը կարգավորվել է։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հետ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախաձեռնությամբ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքում ադրբեջանական և հայկական կողմերը միջոցներ են ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Այժմ Քիլիսալի լեռան շրջանում մարտական բախումները դադարեցված են, իրադրությունը կարգավորվել է և գտնվում է հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցներում կոչ էր արել դադարեցնել իրավիճակի սրմանն ուղղված գործողությունները։

Երեքշաբթի Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, կորցրել է նաև երկու մարտական դիրք։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հանրապետությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը «Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու» կոչով։ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմական և դիվանագիտական ​​խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։